Freedom House-ի նոր ղեկավար է դարձել Դեվիդ Կրամերը. Նա խոստացել է Ադրբեջանը պահել ուշադրության կենտրոնում

15:00 01/09/2010 » Իրավունք

Freedom House-ի նոր ղեկավար է դարձել Դեվիդ Կրամերը. Նա խոստացել է Ադրբեջանը պահել ուշադրության կենտրոնում

Ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպության նոր գործադիր տնօրեն է դարձել Դեվիդ Կրամերը (David J. Kramer), ով իր պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 4-ից, տեղեկանում ենք կազմակերպության կայքէջից: 2008-ի մարտից մինչև 2009-ի հունվար ամիսը Կրամերն աշխատել է որպես ժողովրդավարության, մարդու և աշխատանքային իրավունքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական: Սակայն մինչ այդ երեք տարի շարունակ նա եղել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ` համակարգելով Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ կապված հարցերը:

Այժմ Կրամերը ԱՄՆ-ում Մարշալի հիմնադրամի ավագ անդամներից է և Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով փոխտնօրենն է:

«Դեվիդ Կրամերը մեծ հարգանք է վայելում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում և դրա վկայությունն է նրա աշխատանքային անցյալը», -ասել է Freedom House-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Ուիլիամ Թաֆթը (William H. Taft)` նշելով, որ իրենք ուրախ են, որ Կրամերը հանձն է առել ղեկավարել Freedom House-ը և աջակցել աշխարհում ազատության պաշտպանությանը:

Այդ պաշտոնում Կրամերը փոխարինելու է Ջենիֆեր Վինզդորին (Jennifer Windsor), ով ղեկավարել է կազմակերպությունը 2001-ից սկսած:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը Կրամերն ասել է, թե Freedom House-ը իր ղեկավարության ժամանակաշրջանում շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված հարցերը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց