17:08 07/09/2010 » Իրավունք

«Օրենքի պահանջներից չբխող վճիռ». Վարչական դատարանը մերժել է ՀԱԿ-ի հայցը

Այսօր Վարչական դատարանը մերժել է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած հայցը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԱԿ փաստաբան Վահե Հովսեփյանը: «Այս վճիռը օրենքի պահանջներից չբխող վճիռ էր», -մեկնաբանեց փաստաբանը:


Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայց էր ներկայացրել Վարչական դատարան` բողոքարկելով Երեւանի քաղաքապետարանի որոշումը` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն արգելելու մասին:

ՀԱԿ-ը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել քաղաքապետարանի կայացրած որոշում, քանի որ ըստ Հովսեփյանի քաղաքապետարանը ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել: «Հնարավորություն եղել է Ազատության հրապարակում միջոցառում անցկացնել, այժմ նրանք արհեստական խոչընդոտ են ստեղծում, որ հենց Ազատության հրապարակում հանրահավաք չլինի», -մեզ հետ զրույցում նշել էր Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան, սակայն այստեղ արգելել են հանրահավաք անցկացնել` նշելով, որ Ազատության հրապարակում նախատեսված է մեկ այլ միջոցառում կազմակերպել:

Փաստաբանը տեղեկացրեց, որ մեկ ամսվա ընթացքում ՀԱԿ-ը Վարչական դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց