ՊՆ.3 զինծառայող ձերբակալվել է
«Ստեփանակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի առնչությամբ 3 զինծառայող ձերբակալվել է»,- այս մասին Panorama.am-ին հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրմամբ զինծառայող էր մահացել՝ Թորգոմ Սարուխանյանը, ինչի առնչությամբ ՊՆ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել:
Քննչական ծառայությունից հայտնում են, որ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն ու շարքային Ռոբերտ Բադալյանը ձերբակալվել են Թորգոմ Սարուխանյանին «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» փաստի առիթով հարուցված քրեական գործով:
Ենթասպա Ենգիբարյանն ու կրտսեր սերժանտ Կարապետյանը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ` Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում առավելագույն պատիժը երկուսից հինգ տարվա ազատազրկումն է:
Շարքային Ռոբերտ Բադալյանը կասկածվում է նրանց այդ արարքներին դրդելու, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, որի համար նախատեսված առավելագույն պատժաչափը երկու տարվա ազատազրկումն է: