Ոստիկանություն. Ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, վրաերթը կատարել է Հայկ Գևորգյանը

20:05 03/02/2012 » Իրավունք

Ոստիկանություն. Ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, վրաերթը կատարել է Հայկ Գևորգյանը

Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն` ներկայացնելով մանրամասներ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման փաստի առիթով:

Ըստ հայտարարության. «Օրեր առաջ քաղաքացուն վրաերթի ենթարկած Հայկ Գևորգյանի կալանավորումը շահարկման առարկա դարձավ որոշ լրատվամիջոցների կողմից: Ոստիկանությունը հստակ և իրավաչափ կատարել է իր խնդիրը, և իրողությունն այս է:

Հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան և իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի:

Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում ստացել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` նրան պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն:
Դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, որը հունվարի 14-ին և 16-ին պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն հունվարի 19-ին ՃՏՀ քննության բաժին է զանգահարել նրա ամուսինը և, առանց որևէ հարգելի պատճառ ներկայացնելու, հայտարարել, որ ինչպես կինը, այնպես էլ ինքը հրաժարվում են ներկայանալ բաժին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել պարզելու վարորդի ինքնությունը:
Ստացվել է պատասխան գրություն, որ վրաերթը կատարել է Հայկ Գևորգյանը, որը նույնպես պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար:

Հայկ Գևորգյանը հունվարի 20-ին զանգահարելով քննիչին` պայմանավորվել է քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել:

Հայկ Գևորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագությամբ:

Հունվարի 23-ին Հայկ Գևորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գևորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Փետրվարի 3-ին Հայկ Գևորգյանը հայտնաբերվել, կալանավորվել և ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց