Դատապարտյալները բոնուսներ կհավաքեն. Թովմասյանը հանդիպել է Սաքունցին

11:27 22/02/2012 » Իրավունք

Դատապարտյալները բոնուսներ կհավաքեն. Թովմասյանը հանդիպել է Սաքունցին

Արդարադատության նախարարությունը գիտակցում է, որ կան իրապես լուրջ համակարգային խնդիրներ, որոնք պետք է լուծել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպումից ստացած տպավորությունները արտահայտեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Նախարարությունը գտնում է, որ այս խնդիրների մի մասի համար լուծում տալու հնարավորություն կա , իսկ մի մասի համար էլ գտնում է, որ լուծում տալու հնարավորություն չկա», -հավելեց խմբի ղեկավարը:

Նա ասաց, որ նախարարը հանդիպման ընթացքում դիտորդական խմբին իրազեկել է, թե ինչ խնդիրներ կան, որոնք պետք է այս տարվա ընթացքում լուծվեն: Իսկ այս տարվա առաջնային լուծելիք խնդիրը դատապարտյալներին աշխատանքով ապահովելն է: «Նախարարն ասում է, որ դա մեր առաջնային խնդիրն է և հնարավորին չափով մեռյալ կետից շարժել իրավիճակը», -նկատեց Սաքունցը: Նրա խոսքով, կմշակվեն չափորոշիչներ և դատապարտյալների համար կգործի բոնուսային համակարգը:

«Դատապարտյալը կիմանա, որ եթե բոնուսներ հավաքի, ինքը արժանի կլինի պայմանական վաղաժամկետից օգտվելու», -փոխանցեց դիտորդական խմբի ղեկավարը` նկատելով, որ կան որոշ հարցեր, որոնք պետք է ժամանակի ընթացքում լուծվեն:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում ասել են նաև, որ այս ու այլ խնդիրների լուծման համար կմշակվեն իրավական ակտեր, օրենքներում կկատարվեն փոփոխություններ ու կդրվեն հանրային քննարկման:

«Օրինակ մենք մի մտահոգություն հայտնեցինք իրավական համակարգի վստահության ձևավորման տեսակետից, որ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրից քաղաքացու` կալանավայր տեղափոխվելու ժամանակ արտաքին զննության ժամանակ արձանագրված վնասվածքների փաստով պատշաճ քննություն իրականացվի: Նախարարն ասաց, որ հստակ հրահանգ է տվել, որ ցանկացած բռնության ու վնասվածքների դեպքերը արձանագրվեն»,- փոխանցեց ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական խմբի ղեկավարը:

Թե որքանով է արդարադատության նախարարությունը ի դեմս նախարար Հրայր Թովմասյանի պատրաստակամ իրականացնել բարեփոխումներ համակարգում, Արթուր Սաքունցի խոսքով, ժամանակը ցույց կտա:

Նշենք, որ հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել ԱՆ լրատվական ծառայությունը, որի համաձայն նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացրել է խմբի անդամներին, որ քաջատեղյակ լինելով առկա բոլոր խնդիրներին, կարծում է, թե դատաիրավական բարփոխումների արդյունքում կլուծվի դրանց էական մասը: Միևնույն ժամանակ, պարոն Թովմասյանը կարևորել է դիտորդական խմբի անաչառ վերահսկողությունը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ, որ հնարավորություն կտա օպերատիվորեն վերհանել բոլոր խնդիրները և թերությունները, քննարկել դրանք հաղթահարելու ձևերն ու ուղիները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց