Արթուր Սաքունց. Տավուշում միանշանակ դիվերսիա է եղել

23:07 28/04/2012 » Իրավունք

Արթուր Սաքունց. Տավուշում միանշանակ դիվերսիա է եղել

Տավուշի մարզում վերջին միջադեպը, որի արդյունքում պայմանագրային երեք զինծառայող էր զոհվել, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական դիվերսիայի հետևանք է: Այսպիսին է իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի եզրահանգումը:

Միջադեպից հետո ֆեյսբուքյան «Բանակն իրականում» խմբում ծավալված քննարկման ժամանակ Արթուր Սաքունցն ավելի վաղ մեկնաբանություն էր արել` հետևյալ բովանդակությամբ. «հարգելիներս, հայտնում եմ, որ մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, պայմանագրային զինծառայողները մահացել են վիճաբանության հետևանքով կիրառված հրազենի հետևանքով... Կա նաև այսպիսի տեղեկություն, որ ավելի մեծ թվով մասնակիցներ են եղել... Որն է եղել վիճաբանության կամ, այսպես կոչված, «ռազբորկայի» պատճառը, դեռ պարզ չի... Ցավոք, գործ ունենք վերստին ներքին պատճառների, կարգապահության կանոնների խախտման հետևանքով մահացության դեպքի հետ»:

Այս մեկնաբանության առթիվ Panorama.am-ը զրուցեց Արթուր Սաքունցի հետ` հասկանալու համար, թե որոնք են նման նման տեղեկատվության աղբյուրները և որոնք են նշված եզրահանգումների հիմքերը: Ի պատասխան իրավապաշտպանը հայտնեց, որ իր աղբյուրները մի քանիսն են` այդ թվում զինվորականության և տեղի բնակչության շրջանակներից:

Միաժամանակ պարոն Սաքունցը նշեց, որ իր հայտարարությունը պաշտոնական չէ և իր մոտ հարցերն ավելի շատ են, քան տեղեկատվությունը: Ուստի, իր խոսքով, ինքը մտադիր է մեկնել Տավուշի մարզ և տեղում արդեն տեղեկություններ հավաքել:

Երեկոյան արդեն Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ այցելել է Տավուշի մարզ ու համոզվել, որ միջադեպը «ռազբորկայի» հետևանք չէ: «Դա հստակ է, որովհետև նայել եմ մեքենան, մի քանի հոգու հետ զրուցել եմ` դիվերսիա է միանշանակ»,- նշեց նա ու հայտնեց, որ մեքենայի տանիքին` վարորդի ուղղությամբ կրակի հետք կա: «Նաև նռնակ են օգտագործել»,- պատմեց իրավապաշտպանը:

Ճշտող հարցին, ադրբեջանակա՞ն կողմի արարքն է, իրավապաշտպանը դրական արձագանքեց, ապա նշեց. «Բայց հիմա` տես ինչն է խնդիրը. ադրբեջանցիները որ մտել են, պոստերով անցել են, դա սահմանից երեք հարյուր մետր հեռավորության վրա է: Հասկանո՞ւմ եք ինչ է դա, ո՞նց են անցել: Միանշանակ է, որ դա դիվերսիա է: Բայց զուգահեռ արդեն սահմանի հսկողության խնդիրն է բարձրանում»:

Արթուր Սաքունցի խոսքով, վիճաբանության վարկածը հերքվում է նաև այն հանգամանքով, որ միջադեպի զոհերը միմյանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել:

«Իրենք բոլորը պայմանագրային են, իրար հետ բոլորը մոտիկ են եղել: Այսինքն` այս պահին միմյանց միջև անախորժության, վիճաբանության որևէ մոտիվացիա չի կարելի նշել»,- ասաց իրավապաշտպանն ու տեղեկացրեց, որ երիտասարդների ծնողներն ազատամարտիկներ են եղել, մասնակցել են պատերազմին, իսկ որդիներն էլ իրենց գործի շարունակողներն են եղել:

Ինչ վերաբերում է միջադեպի ժամանակ մեքենայում գտնված չորրորդ զինծառայողին, Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ նա «հրաշքով է կենդանի մնացել», ապա հայտնեց, որ վերջինիս հետ չի զրուցել. «Իրեն, ցավոք սրտի, չկարողացա տեսնեմ, որովհետև ասացին վիճակը վատ է` շոկային վիճակում է»:

Հիշեցնենք, որ զինծառայողների մահվան վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:

Վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողները մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: «Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ հայտնի դարձավ միջադեպի զոհերի ինքնությունը. 27-ամյա Դավիթ Աբգարյան, 25-ամյա Արամ Եսայան, 21-ամյա Արշակ Ներսիսյան` բոլորն էլ Բերդ քաղաքից:

Հետագայում ՀՀ ՊՆ-ն տեղի ունեցածի մասին տեղյակ էր պահել ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին` տեղեկացնելով նաև, որ «բոլոր փաստերը վկայում են միջադեպի ադրբեջանական հետքի մասին»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց