«Հայփոստի» բաժանմունքի պետին ազատազրկեցին մի քանի հոդվածներով

16:57 20/06/2012 » Իրավունք

«Հայփոստի» բաժանմունքի պետին ազատազրկեցին մի քանի հոդվածներով

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետ Ա. Մարկոսյանի կողմից յուրացում կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու համար վերջինիս առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատարանում ապացուցված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա. Մարկոսյանը միայնակ թոշակառուների և հաշմանդամների կողմից «Հայխնայբանկում» ներդրված գումարների փոխհատուցման գործընթացի ժամանակ պարբերաբար կատարել է յուրացումներ. այն է` թվով 13 ավանդատուների և 12 կենսաթոշակառուների փոխարեն ստորագրել է գումար ստացողի անվան դիմաց` այդկերպ յուրացնելով կենսաթոշակների և ավանդների գումարներ: Ա. Մարկոսյանը յուրացրել է ընդհանուր 4 200 931 դրամ գումար:

Բացի այդ, Ա. Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել նաև իր տանն ապօրինաբար նռնակ և շուրջ մեկ տասնյակ փամփուշտ պահելու համար, որոնք հայտնաբերվել են նրա բնակարանում կատարված խուզարկության ժամանակ: Ա. Մարկոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. մարտի 14-ի դատավճռով Ա. Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի 2 ամիս ժամկետով:
Վերաքննիչ բողոք չի ներկայացվել և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:
 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց