Բանակում իրար չեն ներում. Ինքնասպանությունների թիվն աճել է

13:10 09/07/2012 » Իրավունք

Բանակում իրար չեն ներում. Ինքնասպանությունների թիվն աճել է

Ղարաբաղյան բանակում արտակարգ պատահարների թիվը այս տարվա առաջին կիսամյակում նվազել է, բայց ինքնասպանությունների քանակը` աճել: Մասնավորապես, նախորդ տարվա առաջին կիսամյակում ինքնասպանության մեկ դեպք է գրանցվել, սակայն այս տարվա առաջին կիսամյակում արդեն` չորս դեպք: Բոլոր դեպքերում հարուցված են քրեական գործեր, ընթանում է դատավարություն:

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ Պնախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացնելով տվյալները, հայտարարեց, որ իրենք դեռևս չեն կարողացել բացահայտել այդ երևույթը ծնող պատճառները:

Մինչ բացահայտելը կան ուղղակի ենթադրություններ, և ԼՂՀ պաշտոնյայի մեկնաբանմամբ, ինքնասպանությունները ծնող պատճառներից կարող է լինել այն, երբ ստեղծվում է մի տխուր իրավիճակ, որտեղ զինծառայողը տեսնում է, որ ինքն այլևս ի վիճակի չէ դրա դեմ պայքարել ու դիմում է ինքնասպանության: Մյուս պատճառն, ըստ Մովսես Հակոբյանի, կարող է  լինել զինծառայողի հոգեպես անպատրաստ վիճակը, երբ նա հոգեբանորեն պատրաստ չէ ծառայության, չի կարողանում դիմակայել խնդիրներին, չի դիմում վերադաս հրամանատարին` հարթելու իրավիճակը և ելքը տեսնում է ինքնասպանությամբ: Եվ ամենավտանգավորը, Հակոբյանի խոսքով, այն է, որ չկա վստահություն հրամանատարների նկատմամբ: «Զինծառայողը վստահ չէ, որ դիմելով ղեկավարությանը կոնկրետ այդ իրավիճակում կարող է նա օգնել, փրկել իրեն», -նկատեց Հակոբյանը:

Հենց այդ պատճառով էլ, ինչպես նախարարն ասաց, որ ինքն իր հեռախոսի համարները տրամադրել է բոլոր զորամասերին, և զինծառայողները անընդհատ զանգում են իրեն ու ներկայացնում իրենց հուզող խնդիրները:

«Ամենամեծ դժբախտությունն այն է, որ մենք չենք կարողանում գտնել իրար չներելու այդ արատավոր երևույթը վերացնելու ձևերը: Երիտասարդներն այսօր իրար չեն ներում, և յուրաքանչյուրը փորձում է իր ճիշտը ապացուցել, իր ճիշտը առաջ տանել, իր իշխանությունը տարածել: Չեն ներում և թեթև սխալի դեպքում հանում են ընկերական կոլեկտիվից, սա էլ մնում է այդ ամենից դուրս, ինչն էլ բավականին դժվար է տղամարդու համար», -նշեց Մովսես Հակոբյանը:

Միմյանց ներել սովորեցնելու ձևը ԼՂՀ ՊԲ-ում կարծես գտել են. Մովսես Հակոբյանն ասաց, որ ինքը և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը որոշել են հաջորդ տարի կազմակերպել կարգազանց զինծառայողների ոտնլվայի արարողություն: «Մեր նպատակն է, որ բոլոր կարգազանց զինվորները հասկանան, որ ոտնլվայով ներվում են իրենց բոլոր մեղքերը: Այսինքն` դուք, որպես կարգազանց զինվորներ, ներվում եք, և սրբազանը լվանում է ձեր ոտքերը հետևաբար ներում ձեր բոլորի մեղքերը: Նույն ձևով էլ իրենք պետք է ներեն միմյանց», -նկատեց Մովսես Հակոբյանը:

Նախարարի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում, հակառակորդի կողմից կա զոհված երկու զինծառայող, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը ութն է եղել:
Համածառայակցի կողմից սպանվել է մեկ զինծառայող, սակայն նախորդ տարի նման դեպք չի եղել: Զինծառայողի նկատմամբ բռնարարքի մեկ դեպք է եղել նախորդ տարի, բայց այս տարի նման դեպք չի գրանցվել: Այս տարի երկու սպաներ էլ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել:

Մարմնական վնասվածքների քանակը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի խոսքով, նվազել է. անցյալ տարի մարմնական վնասվածք հասցնելու 79 դեպք է եղել, իսկ այս տարի այն նվազել է հասնելով 51-ի: Այս տարի 3 զինծառայող կարգապահության համար խրախուսանքի է արժանացել, իսկ 1 զինծառայող էլ ենթարկվել է կարգապահական տույժի:

Բանակի ընդհանուր կարգապահական վիճակը Մովսես Հակոբյանին մտահոգում է, բայց վստահեցնում է, որ իրավիճակը իրենց կողմից վերահսկելի է: «Ամեն մի զոհված զինծառայողը բանակի համար մեկ մարտնչող զինվորականի կորուստ է: Զավակ կորցրած ծնողի համար հայրենիքը վերջանում է», -նկատեց գեներալ-լեյտենանտը:

Զորահանդեսում ցուցադրվել է Ղարաբաղի սպառազինության ընդամենը 5 տոկոսը. ԼՂՀ ՊԲ հրամանատար

Վճռական ենք, որ առաջին գծում իշխողի դերակատարությունը երբեք չզիջենք հակառակորդին. ԼՂՀ ՊԲ հրամանատար

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց