Իրեն անդամախեղած զինվորի դատը հետաձգվել է մինչև սեպտեմբեր

16:59 07/08/2012 » Իրավունք

Իրեն անդամախեղած զինվորի դատը հետաձգվել է մինչև սեպտեմբեր

Հայաստանի զինված ուժերի ծառայող Ռուբեն Միքայելյանի դատը, ում մայրը վերջերս հացադուլ էր հայտարարել կառավարության շենքի առջև, այսօր Կապանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետաձգվել է մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը 14:00-ն: Ռուբեն Միքայելյանի մայրը` տիկին Շամիրամը Panorama.am-ին տեղեկացրեց, որ դատը հետաձգվել է, քանի որ մեղադրող դատախազը ներկա չի եղել դատական նիստին: Նշենք, որ այսօր առաջին նիստն էր կայանալու:

Panorama.am-ը անդրադարձել էր այս պատմությանը և տեղեկացրել, որ 20-ամյա զինծառայող Ռուբեն Միքայելյանի հետ միասին մեղադրյալի աթոռին է նստելու նաև նույն զորամասի սերժանտ Սուրեն Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (իշխանությունը չարաշահելը) այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի սերժանտ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, թույլ է տվել գործողություններ, որոնց համար լիազորված չէ ոչ մի պաշտոնյա, և անձնական այլ շահագրգռվածությամբ, ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ռուբեն Միքայելյանին:

Իսկ Միքայելյանին մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը». Նա զորամասում ածելիով կտրել էր իր ձեռքի երակները, սակայն նրան կարողացել էին փրկել:

Հիշեցնենք` տիկին Միքայելյանը Կառավարության շենքի առջև բողոքի ժամանակ հետևյալ պահանջն էր ներկայացրել պաշտպանության նախարարության պաշտոնյաներին` «Հացադուլ ընդդեմ անարդարության, սպայի կողմից միտումնավոր շարքային զինվորին ստորացնելու և ինքնասպանության դրդելու համար: Եթե որևիցե մեկը խանգարի իմ հացադուլը, ինքնահրկիզման կդիմեմ: Իմ պահանջն է` զինվորին տալ իրեն հասանելիք արձակուրդը բուժման համար»:

Մայրը պատմեր էր, որ նախորդ տարվա հոկտեմբերին, նույն զորամասում զինվորները ծեծել են մի տղայի ու իր որդուն հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավել որպես վկա: Իսկ իր տղան էլ` Ռուբեն Միքայելյանը, պատմել է այն ամենն, ինչ տեսել է:

«Զորամասում հրամանատար Ալբերտ Խաչատրյանը ու մյուսը` կրտսեր սերժանտ Մխիթարյանը էնպես են ծեծում իմ երեխուն, դաժանաբար, անվայել բառերով, ասելով` գործ տվող բ…, դե պատկերացրեք: Մի քանի ամիս իմ երեխուն ճնշած պահել են», -պատմել էր մայրը և ասել, որ էդ ճնշումներին չդիմանալով որդին դիմել է ինքնասպանության:

Տիկին Շամիրամը Panorama.am-ին ասել էր, որ իրենք համաձայն չեն որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքին և չեն ընդունում այն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց