«Գոմեշի մսի» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է
Պաշտպանության նախարարության համակարգում մսի մատակարարման ոլորտում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործը, որ ստացել էր «գոմեշի մսի» գործ անվանումը, դեռ նախաքննական վարույթում է և այդ գործով նախաքննությունը չի ավարտվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Առայժմ սակայն հայտնի չէ, թե երկար տարիներ շարունակվող գործի նախաքննությունը երբ կավարտվի:
Այս գործով նախկինում կալանավորված էր Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գործով որպես մեղադրյալներ ներգրավված N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին, նույն զորամասի պարենային պահեստարանի պետին, և պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով: Նրանք ճիշտ է գործի նախաքննության վաղ փուլում կալանավորված էին, սակայն այժմ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելին Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պատճառված վնասն ամբողջությամբ պաշտպանության նախարարության կարիքների համար կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ: