Փոփոխություններ՝ «ՌԴ քաղաքացիության շնորհման» մասին օրենքում
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը փոփոխություններ է իրականացրել «ՌԴ քաղաքացիության շնորհման» մասին օրենքում: Այս մասին տեղեկացնում է «Իտար-տասս» լրատվական գործակալությունը:
Ըստ նոր փոփոխությունների` զգալիորեն հեշտացվել է քաղաքացիության շնորհման ընթացակարգը, ինչպես նաև դրա հետ կապված այն քաղաքացիներին ներկայացվող պահանջները, որոնք համարվում են «ռուսաց լեզու կրող հայրենակիցներ»:
«Ռուսաց լեզվի կրող» կատեգորիան որոշվելու է հատուկ մասնագիտական հանձնաժողովի կողմից ռուսաց լեզվի մասին անցկացվող հարցազրույցի միջոցով: Սույն հանձնաժողովը կազմավորվելու է ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության կողմից և ներառելու է լեզվաբան մասնագետների: Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովը շեշտը առավելապես դնելու է հարցազրույցը անցնողի կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետման և առօրյա կյանքում կիրառելու հմտությունների ստուգման վրա:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ըստ օրենսդրական նախագծի` այս հարցազրույցը հաղթահարած օտարերկրյա քաղաքացին հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու առավելություններից լիակատար օգտվելու է այն դեպքում, երբ հրաժարվի իր երկրի քաղաքացիությունից: ՌԴ քաղաքացիություն ստանալու համար այս հիմքով հայտ ներկայացրած օտաերկրյա քաղաքացիները նաև հնարավորություն են ստանալու ժամանակավոր բնակության իրավունք ստանալ ՌԴ տարածքում, մինչ վերջնականորեն կբավարարվի նրա հայտը:
Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստացողների թվում են նաև օտարերկրյա ներդրողները, ռուսական բուհերի շրջանավարտները և որակավորում ունեցող մասնագետները: