Սիմոն Բաբայանը նշանակվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն
Ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՓՊ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ Փաստաբանական դպրոցի կանոնադրության, նիստին մասնակցել են վեց անդամից բաղկացած Խորհրդի 5 (հինգ) անդամները' Արա Զոհրաբյանը (Խորհրդի նախագահ), Լյուդվիգ Դավթյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը և Հերիքնազ Տիգրանյանը: Նիստի ընթացքում քննարկվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու և նոր տնօրեն նշանակելու հարցերը:
Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է իր հրաժարականի դիմումը: Արա Զոհրաբյանն առաջարկել է Դպրոցի նոր տնօրեն նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանին, ով հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու և ունի ուսումնական գործընթաց ղեկավարելու հարուստ փորձ:
Տեղեկացնում են նաև, որ դպրոցի խորհրդի նախագահն առաջարկել է Դպրոցի երկու ծրագրերի պատասխանատու սահմանել Նիկոլայ Բաղդասարյանին, նկատի ունենալով այն, որ այդպիսի ցանկություն է հայտնել նա և այդ ծրագրերից տեղյակ լինելով կարող է ծրագրերը հասցնել իրենց ավարտին։
ՀՀ փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել և դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները' լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը և 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում