Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են խորտակված «Սևոլ» նավի նավապետին
Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են խորտակված հարավկորեական «Սևոլ» նավի նավապետին: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին` հղում անելով տեղական «Ռենհափ» լրատվական գործակալությունը:
68-ամյա նավապետ Լի Չժուն Սոկի և անձնակազմի ևս երկու անդամների ձերբակալման օրդերը տվել է Մոկպխո քաղաքի դատարանը՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք կարող են թաքնվել արդարադատությունից կամ ոչնչացնել իրենց դեմ եղած հանցանշանները:
Նշվում է, որ Լին կասկածվում է ծառայողական պարտականությունները չարաշահելու և ծովային օրենսդրությունը խախտելու մեջ:
Հիշեցնենք, որ «Սևոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ին Կորեայի առաձնյա շրջաններում: Աղետի հետևանքով զոհվել էր մի քանի տասնյակ մարդ:
Նախնական վարկածի համաձայն` նավապետը առաջիններից մեկն է լքել խորտակվող նավը:
Բացի դրանից` ուղևորները պնդում են, որ անձնակազմը իրենց տարհանելու ուղղությամբ անհրաժեշտ և տեղին միջոցառումներ չի ձեռնարկել: