Վարդենիսի ողբերգական վթարի գործով Կարճաղբյուրի բնակիչները բողոքում են Գլխավոր դատախազության դիմաց (տեսանյութ)
80-ամյա Ազգանուշ Մարգարյանը այսօր Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից եկել էր Երևան և գլխավոր դատախազից արդարություն էր պահանջում: Նրա հետ նույն պահանջով Գլխավոր դատախազության շենքի առջև էին հավաքվել Կարճաղբյուրի երկու տասնյակից ավել բնակիչներ: 80-ամյա կնոջ 43-ամյա որդին` Գևորգ Մարգարյանն արդեն յոթ ամիս է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ է:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 20:10-ի սահմաններում, իր անձնական օգտագործման Կամազ 5511 մակնիշի ավտոմեքենայով, ոչ սթափ վիճակում ընդհարվել է Ա. Պետրոսյանի վարած «Գազ-33023» մակնիշի ավտոմեքենայի արջևի մասին, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ` Լ. Նավոյանին և Հ. Շաբոյանին անզգուշությամբ պատճառել է մահ:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Վարդենիսի նստավայր) դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ընթացող դատավարությունից բողոքի ակցիային մասնակցող Մարգարյանի հարազատներն ու համագյուղացիները դժգոհ են: Բացի այն, որ բողոքի ակցիայի մասնակիցները մատնանշում էին նախաքննություն իրականացրած Ոստիկանության Վարդենիսի քննչական ծառայության կողմից թույլ տրված խախտումները, նաև դժգոհում էին դատավոր Մելիքյանի կողմնակալությունից:
Գևորգ Մարգարյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը, ով նույնպես Գլխավոր դատախազության դիմաց էր, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրականում «Կամազ» և «Գազ-33023» մակնիշների մեքենաների բախումը եղել է այլ վայրում, սակայն գործով դատավարության ժամանակ գործի նյութերում ներկայացվում է բախման միանգամայն այլ վայր:
«Այսօր մենք գլխավոր դատախազությունից ու դատարանից պահանջում ենք, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի, որպեսզի վթարի իրական բախման վայրով պարզվի իրականությունը: Սակայն դատարանը մեկ բառով` անհիմն է, մերժում է մեր բոլոր բողոքները` առանց որևէ պատճառաբանության»,- ասաց Բալոյանը` ընդգծելով, որ պատրաստվում են դատավորին ինքնաբացարկ հայտնել:
Դատարանը, ըստ պաշտպանի, այս գործով ավելի շատ մեղադրողի դերում է իրեն պահում, քան արդարադատություն իրականացնողի:
Նա տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին բազմաթիվ նամակներ են ուղարկվել, այդ թվում Կարճաղբյուրի 300 բնակիչների ստորագրությամբ, սակայն որևէ պատասխան չի ստացվել: Այդքանից հետո բնակիչները որոշել են իրենց բողոքի ձայնը անմիջապես դատախազության առջև բարձրացնել:
Ի դեպ, «Գազ-33023» մակնիշի մեքենայում եղել է շուրջ 3 տոննա հացահատիկ, մինչդեռ մեքենայում բեռի թույլատրելի ծավալը պետք է լիներ 1 տոննա: