Եվրոպայի խորհուրդը խստագույնս քննադատում է Ադրբեջանին՝ ԵԽ նախագահությանն ընդառաջ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեքսը կրկին բարձրացնում է Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների վատթարացման հարցը՝ ընդամենը օրեր առաջ, երբ Ադրբեջանը պետք է ստանձնի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը։
«Խոսքի, հավաքների ազատության վիճակն Ադրբեջանում, ցավոք, վատթարանում է։ Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին՝ հրատապ ուշադրություն դարձնել այս հարցերին՝ համապատասխան Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, ստանձնած պարտավորություններին»,-ասել է Նիլս Մյուժնիեքսը:
«Տարբեր կարծիքներ արտահայտող մարդկանց, այդ թվում լրագրողների, բլոգերների, ակտիվիստների նկատմամբ անհիմն և ընտրովի քրեական հետապնդումները շարունակում են աճել։ Սա անթույլատրելի է։ Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են իրենց արտահայտած տեսակետի համար, պետք է ազատ արձակվեն»,-ասել է հանձնակատարը։
Հանձնակատարը ափսոսանք է արտահայտել հատկապես մի շարք ձերբակալությունների շուրջ, որոնց առաջադրված մեղադրանքները վստահելի չեն, այդ թվում Bizim Yol ամսագրի լրագրող Փարվիզ Հաշիմլիի, առցանց ակտիվիստ Աբդուլ Աբիլովի և բլոգեր Օմար Մամմադովի մեղադրանքները։
Հանձնակատարը մտահոգված է լրագրող, փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Հիլալ Մամմադովի, ինչպես նաև լրագրող և Մուսավաթ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուի և Հանրապետական այլընտրանքային քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամմադովի դատապարտմամբ։
«Մամուլի ահաբեկման անհանգստացնող օրինակ է նաև Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի դեպքը, ով հարցաքննվել է Գլխավոր դատախազության կողմից 2014թ-ի փետրվարին»,-ասել է Մյուժնիեքսը։
Հանձնակատարն անդրադարձել է նաև զրպարտության ապաքրեականացման խնդրին՝ նշելով, որ այստեղ ևս չկա առաջընթաց։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին