Հայաստանում հանցագործությունների աճ է գրանցվել
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 4,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու գործելաոճի բացառմամբ: Այդ մասին այսօր հայտարարվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած ոստիկանության կոլեգիայի նիստում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Միաժամանակ, նվազել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են 15,4%-ով: Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2014 թ. առաջին կիսամյակում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 699 միավոր հրազեն (2013 թ. 6 ամսում՝ 517):
Որպես դրական միտում նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում 31,7%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (293-200), 15,1%-ով՝ անչափահասների կողմից, և 51,3%-ով` նրանց մասնակցությամբ խմբերում կատարված հանցագործությունների թիվը:
2013 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, պետական և անձնական գույքի գողության, յուրացման կամ վատնման, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով:
Հաշվետու ժամանակահատվածում որոշակիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 218-ով: ՀՀ ոստիկանության ղեկավարության հետևողական մոտեցման արդյունքում ավելի քան երկու անգամ աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (2013 թ.՝ 105, 2014 թ.՝228):
2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 256 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործությունների 50,0%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: