Ազատամարտիկին ծեծողները հոխորտացել են, թե իրենց անպատժելիությունն ապահովված է. Հայտարարություն
Արցախյան ազատամարտի մասնակից 55-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու դեպքի կապակցությամբ Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Հուլիսի 13-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծել են իր տան հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակում: Ազատամարտիկին ծեծել են նրա կնոջ, դստեր և հարևանների ներկայությամբ: Հեռանալու պահին հանցագործների ոհմակի անդամներից մեկը սպառնալի տոնով հոխորտացել է, թե ուրախ եղեք, որ ողջ ենք թողնում: Նրանք նաև ինքնավստահ ու լկտի կերպով հայտարարել են, որ բարձրաստիճան հովանավորներ ունեն, որոնք կապահովեն իրենց անպատժելիությունը: Կարճ ժամանակ անց Վարդան Թումանյանը ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Ինչպես առանձին դաժանությամբ կատարված Վահե Ավետյանի սպանության պարագայում, այս անգամ ևս ծեծի միջոցով մարդու կյանքը խլած հանցագործները մարտարվեստի մեջ հմուտ թիկնապահներ են: Եվ նույն կերպ՝ ունեն բարձրաստիճան հովանավորներ, վստահ են, որ անպատիժ կմնան, ինչպես նաև քննության առաջին իսկ րոպեներից վայելում են իրավապահպան համակարգի աջակցությունը:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ ռեժիմի մարտահրավերն ընդունված է և մեր ժողովրդի ակտիվ հատվածին կոչ է անում արագացնել համախմբումը՝ օր առաջ ռեժիմի վախճանը մոտեցնելու համար: Աղետալի չափերի հասնող արտագաղթի հետևանքով երկիրն արյունաքամ է լինում, ուստի ժամանակի անողոք թելադրանքով որպես ռեժիմի հեռացման վերջնաժամկետ ենք սահմանել Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, որին մնացել է 40 շաբաթ: Ոչ ավել, քան 40 շաբաթ հետո ռեժիմը պետք է կանգնի ժողովրդի արդար դատաստանի առջև: Քրեական, իրավապահպան թե որևէ այլ ոլորտը ներկայացնող ոչ մի հանցագործ չի խուսափելու պատասխանատվությունից ու պատժից:
Մենք ենք տերը մեր երկրի»:
Հարակից հրապարակում`
Ազատամարտիկին ծեծելով սպանելու գործով երկու անձ կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները