Արմավիրի մարզում բացվել է մարզային համակարգողի գրասենյակ
Էջմիածնում այսօր բացվել է Արմավիրի մարզի մարզային համակարգողի գրասենյակը, որը նախատեսված է մարզի փաստաբանների աշխատանքը համակարգելու, մարզի փաստաբանների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու։ Այս մասին հայտնում են փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից:
Արմավիրի մարզի փաստաբանները հնարավորություն են ունենալու իրենց վստահորդների հետ հանդիպումները կազմակերպել մարզային գրասենյակում: Ծառայությունից հայտնում են` այստեղ կա գրադարան, հանդիպումների դահլիճ և համակարգիչներով հագեցած գրասենյակներ, որոնք ազատ են բոլոր փաստաբանների (այդ թվում՝ մյուս մարզերի և Երևանի փաստաբանների) համար:
Արմավիրի մարզային համակարգող է ընտրվել փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։
Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու մարզային փաստաբաններ:
Բացման խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է. «ՀՀ փաստաբանների պալատը խնդիր է դրել իր առջև բարելավել մարզային փաստաբանների վիճակը և այդ տեսակետից Արմավիր մարզի համակարգողի օժանդակությամբ այստեղ հիմնվել է գրասենյակ, որպեսզի մարզի ավելի քան երեսուն փաստաբանները ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան: Ավելին՝ մարզային համակարգողի և մարզի փաստաբանների նախաձեռնությամբ այսուհետ կիրականացվեն անվճար իրավաբանական խորհրդատվություն սոցիալական անապահով խավի ներկայացուցիչների համար»:
Ըստ Զոհրաբյանի, այս ավանդույթը շարունակական է լինելու և նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև մյուս մարզերում:
ՀՀ փաստաբանների պալատի Արմավիր մարզի մարզային համակարգողի գրասենյակը համագործակցության հուշագրեր է կնքել հինգ կազմակերպությունների հետ: «Հայաստան մանուկներ» բարեգործական հիմնադրամին, «Մեր տունը» ՀԿ-ին, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ին, «Հայ Միասնության խաչ» ՀԿ-ին և «Արմենիան լայթհաուզ» բարեգործական հիմնադրամին մարզային գրասենյակը տրամադրելու է անվճար իրավաբանական օգնություն:
Ավարտին, «Հայ Միասնության խաչ» ՀԿ-ի սաները ներկայացրել են իրենց պատրաստած բեմադրությունը։