Ավազակային հարձակումներ կանանց նկատմամբ, կասկածյալը ձերբակալված է
Դեռևս մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Լուսինե Հ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 29-ամյա Էդգար Գ.-ն, որը հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Պարզվել է նաև, որ նա մեկ այլ ավազակային հարձակում էլ հունիսի 16-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում, կատարել էր Վարդուհի Հ.-ի նկատմամբ: Ըստ աղբյուրի, Էդգար Գ.-ն ձերբակալված է: Քննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը