ՀԱԿ-ը դատապարտում է «ազատ մամուլի դեմ սանձազերծված արշավը»
Հատուկ քննչական ծառայությունը հարուցված գործի շրջանակներում դիմել է դատարան՝ նպատակ ունենալով պարտավորեցնել ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվության աղբյուրը:
ՀԱԿ-ն այսօր հայտարարությաւն է տարածել այս գործի հետ կապված. «Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված այս արշավը և կոչ է անում Հայաստանի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և լրագրողական ընկերակցություններին սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցներին»:
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության անկյունաքարերից մեկը և մեծ հաշվով լրագրության իմաստը. «Չլիներ այն, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր: Աղբյուրի բացահայտման անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառապես ազգային անվտանգությանն առնչվող իրավիճակներում, երբ դրա բացահայտումը կարող է կանխել տվյալ պետության կամ հասարակության համար էլ ավելի վտանգավոր հետևանքներ»:
Հիշեցնենք՝ iLur»-ն ու «Հրապարակ»-ը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի, լույս 8-ի գիշերը Գյումրիում բռնության է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ եղբոր հետ: Բռնություն գործադրողը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն է եղել: Ըստ հրապարակումների` ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, կանգնեցրել է երիտասարդների վարած մեքենան: Սկզբում Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, այնուհետև գլխավոր դատախազությունը որոշել է քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունները զենքով կամ հատուկ միջոցներով զուգորդված բռնություն գործադրելով անցնելու հոդվածով և ուղարկել այն ՀՔԾ քննության: Այնուհետև տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դատարան էր դիմել ու դատարանը` ի դեմս դատավոր Գագիկ Խանդանյանի, առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայության, այն բավարարել էր:
Նախորդող հրապարակումներ`
iLur-ը և «Հրապարակ»-ը կբողոքարկեն իրենց վերաբերող նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշումը
Դատարանը դուրս է եկել լիազորությունների շրջանակներից՝ պարտավորեցնելով ԶԼՄ-ներին բացահայտել աղբյուրը. Քննարկում