«Կանեփ-կակաչ-2014»-ի արդյունքներն այսօրվա դրությամբ
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումի շրջանակում օգոստոսի 4-ից մինչ օրս հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 61 տոննա 141.4 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 77 դեպք, որից 60-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 292 գրամ մարիխուանա, 1253.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս թմրահաբ, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 14 քրեական գործ` 18 դրվագով:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 4 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ/ դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ/:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 հատ կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/: Տնամերձ 242 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 500 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 13 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 13 հետախուզվող: