«Գոմեշի մսի» գործով առաջին դատական նիստը՝ սեպտեմբերի 1-ին
Պաշտպանության նախարարության համակարգում մսի մատակարարման ոլորտում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործով, որ ստացել էր «գոմեշի մսի» գործ անվանումը, առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 1-ին: Գործը դատարան է ուղարկվել օգոստոսի 12-ին:
Հիշեցնենք, որ այս գործով նախկինում կալանավորված էր Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գործով որպես մեղադրյալներ ներգրավված N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին, նույն զորամասի պարենային պահեստարանի պետին, և պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով: Նրանք ճիշտ է գործի նախաքննության վաղ փուլում կալանավորված էին, սակայն այժմ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Ավելին Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պատճառված վնասն ամբողջությամբ պաշտպանության նախարարության կարիքների համար կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:
Ըստ մեղադրական եզարակացության, Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս,իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումրը հափշտակել է`ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի `126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը նախագահելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը: Մեղադրանքը դատարանում ներկայացնում է գլխավոր դատախազությունը:
Նախորդող հրապարակում՝
«Գոմեշի մսի» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է