ՀՀ սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով. ՀՔԿ
Ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տարբեր տեսակի զենքերից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Փաստական տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից կրակահերթեր են արձակվել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից` Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրականացնելով պայթյուններ եւ հրկիզումներ` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները, հաղորդակցման, կապի միջոցները, գույքը ցանքատարածքները վնասելուն: Քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը: