Որ դեպքերում վճարել ու չվճարել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար նախատեսված տուրքերը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարում սահմանված չէ ծննդի, մահվան և ՀՀ քաղաքացիների կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար: Այս մասին քաղաքացիներին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել էր քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ղեկավարների հետ, նրանց առջև դրել մի շարք պայմաններ: Մասնավորապես, նա «այսպես կոչված մաղարիչները» կտրականապես վերացնելու պահանջ էր դրել. «Որևէ ապօրինի պահանջ չի ներվելու»: «Պետք է քաղաքացիներն իմանան, որ մահերի, ծնունդների գրանցման համար տուրք չկա: Պետք է ամեն ինչի մասին քաղաքացիներին տեղեկացնել: Ասում եք գրած է, ես գիտեմ: Սովորաբար այդ գրությունները կամ լավ գրված չեն լինում, կամ այնտեղ են կպցված լինում, որտեղից չի երևում: Այն, ինչի մասին ես խոսում եմ, դուք փայլուն գիտեք»,- նշել էր արդարադատության նախարարը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված են հետևյալ պետական տուրքի դրույքաչափերը.
1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը - 5.000 ՀՀ դրամ,
2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը - 1.000 ՀՀ դրամ,
3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը - 10.000 ՀՀ դրամ,
4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը - 5.000 ՀՀ դրամ,
5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար - 3.000 ՀՀ դրամ,
6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար - 1.000 ՀՀ դրամ,
7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար - 30.000 ՀՀ դրամ,
8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը - 3.000,
9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար - 2.000 ՀՀ դրամ,
10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար - 1.000 ՀՀ դրամ,
11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար - 2.000 ՀՀ դրամ,
12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար - 1.000 ՀՀ դրամ,
13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար - 2.000 ՀՀ դրամ:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:
Միևնույն ժամանակ արդարադատության նախարարությունը հայտնում ենք, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
1. կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար,
2. քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար,
3. ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.
4. անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար: