Հերթի համար շարքայինի հետ վեճի արդյունքում ջոկի հրամանատարը հայտնվել է մեղադրյալի աթոռին
Մեղրիի բնակիչ 23-ամյա Միշա Սարգսյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես 1-ին ՀՆԶ-ի 1-ին ՆԽ-ի 1-ին ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ, բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով գտնվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորմասում, առաջացած հերթում տեղ զբաղեցնելու հարցի կապակցությամբ վիճաբանել է պայմանագրային զինծառայող, շարքային Սարգիս Կիրակոսյանի հետ, այնուհետև դուրս գալով պոլիկլինիկայի բակ, բռնի գործողություններ է կատարել Ս.Կիրակոսյանի նկատմամբ։ Այս մասին պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք նրա մեղադրանքի բովանդակությանը:
Միշա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):
Որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Այս գործով դատական նիստը կայանալու է այսօր Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ: