Սկեսուրի կողմից ծեծված հարսը նաև ֆինանսական փոխհատուցում է պահանջում
Հայաստանի իրավական համակարգում աննախադեպ շրջադարձ է սպասվում` ընտանիքում դաժան բռնությունների ենթարկված Մարիամ Գևորգյանը, ում պատմությունը անտարբեր չթողեց շատերին, փոխհատուցման հայցով մտել է դատարան. այսօր պետք է կայանար դատական նիստը, որը սակայն հետաձգվեց: Panorama.am-ի հետ զրույցում «Հասարակություն առանց բռնության» հկ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ դատավարության օրը դեռ հայտնի չի, այդ մասին հավելյալ ծանուցում կստացվի, սակայն արդեն այն, որ նման հայց է առաջ քաշվել անչափ կարևոր նախադեպ է:
«Սա շատ կարևոր նախադեպ է, քանի որ մինչև 2010թ-ը մենք ընդհանրապես ընտանեկան բռնություն երևույթի գոյությունն էինք մերժում, բայց 2010թ-ի սկզբին եղավ Զարուհի Պետրոսյանի դեպքը, հետո նաև Մարիամինը, որից հետո ընտանեկան բռնության մասին սկսեցինք բարձրաձայնել` երևույթը ցավոք գոյություն ունի մեզանում: Եվ կարող եմ ասել, որ այս երկու ու հատկապես Մարիամի դեպքից հետո, քանի որ ի տարբերություն մյուս դեպքերի նա, բարեբախտաբար չէր զոհվել, կանայք սկսեցին ավելի շատ բարձրաձայնել խնդիրը, հասարակությունը սկսեց խոսել այդ մասին»,- նշեց Ա.Նիկողոսյանը:
Հիշեցնենք, Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ -Պետերբուրգ, որտեղ Մարիամին 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել` պատառաքաղով և եղունգներով ծակծկել նրա մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, արդուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել բերանն ու աղ լցրել և այլն:
Panorama.am-ի զրուցակիցը տեղեկացրեց, որ եթե մյուս դեպքերում շեշտը դրվում է ավելի շատ նրա վրա, որպեսզի բռնարարը պատժվի ու համապատասխան պատիժ կրի, ապա Մարիամի դեպքում միաժամանակ պայքարը գնում է նաև քաղաքացիական հայցով, որպեսզի կինը փոխհատուցում ստանա: Իսկ դա կարևոր է այն իմաստով, որ պետք է հասկանալ` բռնարարը ոչ միայն քրեական պատասխանատվության է ենթարկվելու, այլ նաև որոշակի և հոգեբանական, և մի շարք այլ ճնշումների ենթարկելու դիմաց փոխհատուցելու է ֆինանսապես:
«Միջազգային պրակտիկայում դա շատ ընդունված բան է և եթե նույնիսկ հոգեբանական կամ ցանկացած այլ տիպի բռնության են ենթարկում, ապա անձը իրավունք ունի հայցով դիմելու և փոխհատուցում պահանջելու: Բայց Հայաստանում այդ պրակտիկան, գիտենք ինքներս, զարգացած չի և թեկուզ նաև այդ առումով սա դառնում է նախադեպ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք մեր իրավական համակարգը պատրաստ է ընդունելու այս իրողությունը և միջազգային պրակտիկան ներդնելու նաև մեզ մոտ, Աննա Նիկողոսյանը դժվարացավ կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա այդ գործընթացը` Մարիամը հաջողության կհասնի, թե ոչ:
Նրա խոսքով, սակայն, բայց արդեն իսկ հաջողություն է այն հանգամանքը, որ բռնարար սկեսուրը կրում է իր պատիժը:
«Քրեականով հաջողության հասել ենք և հույս ունեմ, որ քաղաքացիականով ևս կհասնենք և մեր հայցը կբավարարվի: Իսկ սա կնշանակի, որ մեկ մեխանիզմ կավելանա ընտանեկան բռնության դեմ պայքարում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ 2012թ-ին Մարիամ Գևորգյանին կտտանքների ենթարկած սկեսուրը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել էր: Եվ քանի որ Հայկանուշ Միքայելյանն այդ պահի դրությամբ արդեն մեկ տարի կալանավորված էր, նրան մնում էր անազատության մեջ մնալ ընդամենը 1 տարի, 2 ամիս ժամանակահատված:
Հարակից հրապարակում`
Սկեսուրի կողմից ծեծված հարսը կշարունակի պայքարել դռնբաց դատական նիստի ու արդար որոշման հասնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին