«Դատարանում տղայիս հարցնում են մամայիդ սիրում ես, ուսերն է թափ տալիս». Մայրը շարունակում է պայքարել
«Երբ դատարանում տղայիս հարցրեցին մամայիդ սիրում ես, ուզում ես մամայիդ մոտ մնաս, նա վախեցած ուսերը թափ էր տալիս, ասում էր՝ չգիտեմ: Դատավորն ասաց՝ արդեն պարզ է»,- նախօրեին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքը ներկայացնելով՝ Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Հասմիկ Մանուկյանը, ում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը զրկել էր երկու երեխաներին պահելու, խնամելու իրավունքից:
Ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր այս պատմությանը. 30-ամյա Հասմիկ Մանուկանը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ Կարեն Մանուկյանի հետ ամուսնացել է, երբ 18 տարեկան էր: Պատմում է` ամուսնական կյանքը հարթ չի եղել, ամուսինը ծեծել է, իսկ սկեսուրն էլ անընդհատ պահանջել աշխատել, «տունը փող բերել»:Երկար տարիներ ամուսնու ու նրա ընտանիքի հետ ապրելուց հետո նրանցից հեռացել է մեկ տարի առաջ. ասում է` «Հանեցին, տնից դուրս վռնդեցին»: Երկու երեխաները երբեմնի ամուսինների միջև դարձել են կռվախնձոր: Կարեն Մանուկյանը դիմել է դատարան, և Արարատի ու Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ որոշել է երեխաներին` 8-ամյա Անդրանիկին ու 11-ամյա Անգինին հանձնել հոր խնամակալությանը:
Գործն այժմ քննվում է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում: Օգոստոսի 28-ին կայացած նիստի ժամանակ դատարանը հորդորել էր ամուսիններին հաշտության եզրեր գտնել, բայց, Հասմիկ Մանուկյանի խոսքով, չստացվեց: Նախքան նախօրեին կայացած դատական նիստը, նախկին ամուսինները հեռախոսազրույց էին ունեցել:
«Իրեն ասացի իմ երեխաներին ինձ տուր, թույլ կտամ երեխաների հետ շփվել: Նույն բան ինքը ինձ ասաց: Հարցնում եմ՝ ո՞վ է պահելու երեխաներին, ասում է մամաս: Բայց ինչո՞ւ պետք է իր մայրը պահի իմ երեխաներին: Ինձ հարցնում է, որ երեխաներին տամ քեզ, ո՞վ է փող աշխատելու ձեզ պահի: Ասացի՝ իմ խնդիրն է, իմ երեխաներին ինձ տուր: Տեսա որ բան չի հասկանում, նորից խոսում է, անջատեցի հեռախոսը»,- պատմում է Հասմիկը:
Նա ասում է, որ նախկին ամուսնու հետ միանալու որևէ իմաստ չկա. «Ինքը նույն մարդն է, չի փոխվել: Նույնն է, ոնց որ կար»:
Այս գործով հաջորդ դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 25-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Երեխաներին հետ բերելու համար վերաքննիչ բողոք ներկայացրած մայրը հաշտության կողմնակից չէ
Մայրը չի հանձնվում և վերաքննիչ բողոք է ներկայացրել երեխաներին հետ բերելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ