Արսեն Մկոյանի սպանության գործով հնարավոր կասկածյալի վերաբերյալ որոշակի տեղեկություններ կան
Նախօրեին Երևանի Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձի կողմից սպանված 33-ամյա Արսեն Մկոյանի գործով քննությունը տիրապետում է որոշակի տեղեկությունների հնարավոր կասկածյալի վերաբերյալ: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա հայտնեց նաև, որ այս պահին ձերբակալվածներ չկան, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը: Ոստիկանության տեղեկացմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ: Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Սպանություն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: