Ա. Կիրակոսյան. ՀՀ դատական համակարգում առկա են այն հիվանդությունները, որոնք կան ՌԴ-ում
Ի տարբերություն Ռուսաստանի, Եվրամիությունը դիտվում է որպես կայուն համակարգ, այնտեղ գործում են կայուն մեխանիզմներ, ԵՄ ստանդարտները գնալով խորանում են: Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Եվրասիական տնտեսական միություն. ինչ կստանա և ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղանի ժամանակ, նման կարծիք հայտնեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։
Ըստ նրա, եվրոպական ուղղությունը մարդակետրոն է, ուղղված է մարդու իրավունքներին, ռուսական ուղղությունը՝ գաղափարակենտրոն է:
«Այդ գաղափարների համար պատրաստ են սպանել ուրիշներին, պատրաստ են մեռնել այդ գաղափարների համար»,- ասաց նա:
Ա. Կիրակոսյանի խոսքով, Հայաստանի դատական համակարգում մնում են այն հիվանդությունները, որոնք կան Ռուսաստանում՝ դատում են գաղափարներից ելնելով, ոչ թե մարդու արարքից. «Օրինակ` Շահեն Հարությունյանին դատում են, որովհետև պաշտպանել է հորը՝ Շանթ Հարությունյանին»:
Փորձագետը միաժամանակ հավելեց, որ ՌԴ-ում կոնկրետ մարդուն չեն դատում, այլ երևութը, ՀՀ-ում էլ այդ տենդենցները, վտանգները կան:
Ա. Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը փորձում է հավասարակշռությունը պահել տարբեր բևեռների մեջ: