Երևանում թոռը սպանել է տատին
Ոստիկանության Կենտրոնականի բաժին սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Ս.Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Փաստի առթիվ սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Կենտրոնականի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ս. Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ա. Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Սեպտեմբերի 20-ին Ս. Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ա. Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (Սպանություն` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով: Ա.Մոմջյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: