Իրավապաշտպան Խ. Մարոզյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը մեղադրվում է քաղաքացի Սվետլանա Թորոսյանի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու համար: Մեղադրանքի մանրամասներին ծանոթանալով, պարզվում է, որ Խ. Մարոզյանը Սվետլանա Թորոսյանի իրավաբանական օգնություն ցուցաբերելու և նրա քրոջ՝ Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով 2013թ. մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, մաս-մաս վերցրել է խոշոր չափի ընդհանուր 1.640.000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար և չարաշահելով վերջինիս վստահությունը, ծախսել է իր անձնական կարիքների համար: Խ. Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվաի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (Խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով): Քրեական գործը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել սեպտեմբերի 16-ին:
Խ. Մարոզյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին:
Panorama.am-ի հետ զրույցում Խ. Մարոզյանն իրեն ներկայացված մեղադրանքը ծայրից ծայր անհիմն որակեց. «Իմ պատվի հարցն է, մինչև վերջ գնալու եմ, իմ վերջին 15 տարվա գործունեությանն է ուղղված: Դիմակայելու եմ, որոշ մարդիկ փորձելու են այլ բաներ շահարկել, դա իրենց խնդիրն է: Անարդարության դեմ եմ դուրս գալու»:
Նա ասաց, որ մարտի 1-ին քրեական գործ է հարուցվել, իսկ օգոստոսի 28-ին մեղադրանք է առաջադրվել` գործից որոշակի շեղումներով: Խ. Մարոզյանի խոսքով, նախաքննության ընթացքում իրեն կանչել են որպես գործով վկա:
«Գիտեի գործը վերջացել է: Մի օր քննչական բաժին են հրավիրում: Գնում եմ: Քննիչն ասում է, որ ձեր ասած խոսքերը հաստատվել են, Սուրգուտ հարցում ենք կատարել: Ի զարմանս ինձ, փոխանակ գործը կարճվեր, մեղադրանք առաջադրվեց, նախաքննության մարմինը գնաց այս տրամաբանությամբ: Չկա նման հանցակազմ»,- նշեց նա:
Խ. Մարոզյանի պատմելով, Սվետլանա Թորոսյանն ու նրա քույրն իրեն լիազորել են, որպեսզի գնա Մոսկվա՝ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու համար. «Մեզ ցույց են տվել դատարանի կայացրած վճռի պատճեն առանց համարի, իսկ առանց համարի գործն ուղղակի թուղթ է: Առաջարկեցի փաստաբան գործուղել՝ հիմնավորումներ ստանալու համար: Իրենք ինձ առաջարկեցին գնալ Մոսկվա: Ես ասացի, որ պետք է տաք ճանապարհածախսը և Մոսկվայում 15-20 օր մնալու գումարը: Կազմեց 4000 դոլար: Միանգամից համաձայնվեցին: Կա ստացական: Ես ասել էի, որ կարող է անձամբ չգնամ Սուրգոտ, այլ Մոսկվայից իմ կոլեգաներին լիազորեմ, իրենք համաձայնվել էին՝ տալով ինձ լիազորագիր վերալիազորման իրավունքով: Ես լիազորել եմ այլ փաստաբանների: Նրանք Սուրգուտում կատարել են այն գործողություները, որոնք պետք է ես կատարեի: Հարցը կայանում է նրանում, որ այդ կանանց ցանկալի արդյունքը չի բավարարվել՝ անկախ իմ կամքից: Սվետլանա Թորոսյանն ուզում էր դատարանից ստանալ այլ փաստաթղթեր, ինչպես ինքն էր կարծում՝ հայտնաբերել կեղծիք, ապացուցեր, որ իր քրոջ ամուսինը կեղծարար էր: Պարզվեց որ կեղծիք չի եղել, մնացած փաստաթղթերը դատարանի արխիվում չեն պահպանվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին