Քանի՞ դատախազ ու Քննչական կոմիտեի ղեկավար դեռ պետք է փոխվի. Գ.Ջհանգիրյան
«Մարտիմեկյան դեպքերից անցել է 6.5 տարի, բայց բացահայտված չի ոչ մի սպանություն, ոչ մի դեպք: Քանի դատախազ ու Քննչական կոմիտեի ղեկավար պետք է փոխվի, որ մարտի մեկի հանցագործությունները բացահայտվեն»,-այս հարցը ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրեց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ում խոսքով՝ այն ամենից զատ, ինչ ինքը թվարկեց, իր համար անհասկանալի է Ազգային Ժողովի իներտությունն ու անգործությունը այս բացահայտումներն անելու տեսանկյունից:
«Հայաստանը իբրև թե գնում է դեպի պառլամենտարիզմ, բայց խորհրդարանը համառորեն հրաժարվում է գործադրել խորհրդարանի վերահսկողության նույնիսկ համեստ գործիքները: Հետևությունը մեկն է՝ խնդիր է դրված ոչ թե բացահայտել ու պատժել սպանդի կազմակերպիչներին, այլ ամեն գնով պարտակել ու հովանավորել մարդասպաններին: Ու հենց այս պատճառով է, որ որոշ պաշտոնյաներ իրենց անպատժելիությունից գլխապտույտով մի գերատեսչությունից մյուսն են տեղափոխվում, իսկ որոշ դեպքերում նաև հոխորտում... »,- նշեց նա, սակայն այստեղ Գ.Ջհանգիրյանի ելույթը կիսատ մնաց, քանի որ նիստի նախագահողը, ժամանակի լրանալով պայմանավորված, անջատեց նրա խոսափողը: