Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում հոկտեմբերի 9-ին մայրական մահացության դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրում ահազանգ էր ստացվել, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել: Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին, «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Նելլի Մկրտչյանը:
Պարզվել է նաև, որ Ն.Մկրտչյանը 2014թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերել է վիրահատական ճանապարհով, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ կլինեն տաս օրից: «Վերջնական պատասխանը կլինի դատաբժշկական փորձաքննությունից ու քննչական մարմինների եզրակացությունից հետո»,- ասաց նա:
Ռ. Աբրահամյանը շեշտեց, որ բուժանձնակազմը կատարել է անհրաժեշտ ամեն ինչ, նույնիսկ նախնական հետազոտությամբ հնարավոր չի եղել պարզել, թե ինչու է կինը հանկարծամահ եղել: Այդ օրը, ըստ բժշկի, նա պատարստվում էր դուրս գրվել:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենի խոսքով, կան բաներ, որ նույնիսկ բժշկիների ուժերից վեր է:
Նախորդող հրապարակումներ՝
Երեք շաբաթից պարզ կդառնա, թե ինչից է մահացել երիտասարդ մայրը
Ո՞րն է պատճառը. Հոկտեմբերի 9-ին «Հանրապետական» ծննդատանը մայրական մահացության դեպք է արձանագրվել
«Հանրապետական» ծննդատանը մայրական մահացության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր