Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեությունը կատարյալ խայտառակություն է. Ն. Զոհրաբյան
«Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն»,-ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ ՄԻՊ զեկույցը այդքան երկար ու բուռն քննարկվում է Ազգային Ժողովում:
«Հայաստանում կա 1 մլնից ավելի աղքատ մարդ, բայց բոլոր սոցհարցումներով՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը առաջնահերթ իրենց դժգոհությունների շարքում մատնանշում են ոչ թե աղքատությունն ու սոցիալական ծանր պայմանները, այլ անարդարությունը, կոռուպցիան դատական համակարգում, դատարանների ոչ անկախ լինելը և այլն: Եվ սա, կրկնեմ, այն դեպքում, երբ 1 մլն-ից ավելի մարդ աղքատ է մեր երկրում»,- մեջբերեց Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ եթե կգտնվի Հայաստանում գոնե մեկ մարդ, ով այս ամենից բողոք չի ունենա, ապա իրենք պատրաստ են նրան ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացու:
Ն. Զոհրաբյանը երկու առաջարկ հնչեցրեց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նախևառաջ պատգամավորը տեղեկացրեց, որ այդ առաջարկները ծագել են ԲՀԿ-ականների քրեակատարողական հիմնարկներում իրականացված մոնիթորինգի արդյունքում և հորդորեց. «Ես կարծում եմ ժամանակն է, պարոն Անդրեասյան, որ ուշադրություն դարձվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեությանը, որն ուղղակի կատարյալ խայտառակություն է: Թիվ մեկ բողոքը ՔԿՀ-ներում հենց այս հանձնաժողովի գործունեության հետ է կապված: Ժամանակն է, որ կամ դադարեցվի, կամ մեխանիզմները վերանայվեն»:
Երկրորդ խնդիրը վերաբերում էր ժամանակավոր պահման խցերի անմարդկային պայմաններին, որտեղ 20-30 մարդ է պահվում.
«Ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք գոնե մեկ օր, մեկ ժամ ՀՀ քաղաքացիներին պահել նման պայմաններում, անգամ եթե նրանք հանցագործություն են կատարել և սպասում են դատարանների վճռին»,- հավելեց Ն.Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև կոչ արեց գործընկեր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին նախաձեռնել խորհրդարանական լսումներ՝ իր կողմից մատնանշված խնդիրներին անդրադառնալու նպատակով: