Ավետիք Իշխանյանն օբյեկտիվ է գնահատում ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի պատրաստած զեկույցը
«Բավականին օբյեկտիվ զեկույց է, ինչ որ տեղ նաև զարմանալի: Հետաքրքիր է, բոլոր ոլորտները նշված է»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական հնչեցրեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված «Հայաստանի օրենսդրական գործընթացի ամբողջական գնահատում» զեկույցի մասին: Նշենք, որ այն պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով:
Ըստ նրա, ներկայացված խնդիրներին առաջադրված լուծումները թեթև են, նրբանկատորեն են մոտեցել, բայց հասկանալի է, թե ինչ նկատի ունեն:
«ԺՀՄԻԳ-ի փորձագետներն իրավունք չունեն խիստ նկատառումներ ներկայացնել, բայց, այնուամենայնիվ, երևում է, թե հիմնական ինչ խնդիրներ կան այդ ոլորտում»,- ասաց Ա. Իշխանյանը:
Նա նշեց, որ չնայած Հայաստանում հռչակված է իշխանության տարանջատում, իրականում տարանջատում չկա: Ըստ նրա, զեկույցից հասկանալի է, որ Հայաստանում օրենսդրությունը հիմնականում կառավարությունն է մշակում, ԱԺ-ն շատ արագ անցկացնում է օրենքները, ընդդիմությունը դուրս է մղված այդ գործընթացներից, քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին հաճախ ձևական բնույթ է կրում, օրենքների քննարկմանը կարճ ժամանակ է տրվում:
«Ամբողջ զեկույցի բովանդակության համաձայն, այս պրոցեսում դոմինանտ դեր ունի գործադիր իշխանությունը»,- ասաց Ա. Իշխանյանը՝ հավելելով, որ Հայաստանում հիմնականում խնդիրներ առաջանում են բրգաձև իշխանությունից ու դրանից բխող հետևանքներից:
Ինչ վերաբերում է զեկույցում նշված առաջարկություններին և արդյոք իշխանությունը կարող է դրանք իրականացնել, իրավապաշտպանն ասաց, որ կարող է, բայց, իհարկե, ոչ բոլորը: Օրինակ նշեց, որ առաջարկվում է ստեղծել օրենսդրություն մշակող մասնագետների հատուկ կառույց, ինչը, ըստ նրա, կարող է ստեղծվել:
«Բայց հիմնահարցը իշխանությունների միջև հակակշռի բացակայությունն է, գործադիրի դոմինանտ դերն է»,- ասաց Ա. Իշխանյանը: