Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի քրեական գործը բերվել է Երևան
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Քննչական կոմիտեի նախագահի կողմից քննիչին տրվել է հանձնարարություն` ակտիվացնել քրեական գործով ձեռնարկվող քննչական գործողությունները` ապահովելով քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը, ինչպես նաև ապացույցների համադրության հիման վրա համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական, և արդյունքների մասին տեղեկացնել նաև հանրությանը` հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հնչեղությունը »,-ասաց Ս. Տռուզյանը:
Այս դպրոցի շուրջ մի քանի օր շարունակ մամուլում աղմկահարույց տեղեկություններ էին հրապարակվում, և դրանց հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրություն էր կատարել ու խախտումներ հայտնաբերել: Դրանց հետքերով վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այց էր կատարել գիշերօթիկ դպրոց:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց կողմից բացահայտված փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ:
Վարչապետի այցից հետո միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քայլեր ձեռնարկեց:
Հիշեցնենք, որ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից` հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը:
Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:
Նախորդող հրապարակումներ՝
Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն
Գիշերօթիկի տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ սոցապ պաշտոնյան խիստ նկատողություն ստացել