Բացահայտվել է Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի սպանությունը
Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեպքի վայրում պատշաճ կատարված զննության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ ինչպես հագուստի մանրաթելերի, այնպես էլ՝ մատնահետքերի, որոնք էլ նպաստել են հանցագործության բացահայտմանը։
Նշանակվել են դատաբժշկական և դատամատնադրոշմային փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատահետքաբանական և միկրոմասնիկների քրեագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, ստացվել և հետազոտվել են հեռախոսազանգերի վերծանումները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողի ննջասենյակում հայտնաբերված ձեռքի ափի հետքերից մեկը թողնվել է նույն գյուղի բնակիչ Ա.Ստեփանյանի կողմից։
Պարզվել է նաև, որ վերջինս, մեկ այլ քաղաքացու անվամբ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող գրավատներից մեկում գրավադրել է Հ.Գրիգորյանին պատկանող ոսկյա մատանին և ոսկյա ականջօղերը (մեկ զույգ)։ Դրանք հայտնաբերվել և ներկայացվել են ճանաչման տուժողի իրավահաջորդին և քրոջը, ովքեր հավաստել են, որ դրանք պատկանում են տուժողին։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։