Բարձրացել է ոստիկանական պահպանության պահանջարկը. Վ. Մինասյան
Այս տարվա տաս ամսվա ընթացքում բարձրացել է ոստիկանական պահպանության պահանջարկը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը: Այս տարվա 10 ամսվա ընթացքում պայմանագրերի աճ է արձանագրվել, որի հետևանքով 31,5 մլն դրամով աճել են պայմանագրային գումարները:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանության Երևանի և մարզային բաժիններին կից գործում է պահպանության 38 ստորաբաժանում, Հայաստանի բոլոր մարզերի 33 բնակավայրում կան պահպանության ստորաբաժանումներ:
Պահպանության ստորաբաժանումների կողմից պահպանվում են իշխանության, պետական կառավարման, բանկային, ֆինանսավարկային համակարգի, հիդրոտեխնիկական և ջրամատակարարման կառույցների, էներգոհամակարգի, հեռուստառադիոհաղորդակցության, պատմամաշակութային, ընդերքաարդյունաբերության և այդ կարգի 3946 օբյեկտ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 47-ով:
Ըստ նրա, օբյեկտների պահպանությունն իրականացվում է կայուն պահակակետերով, պարեկային ավտոմեքենաներով, կիրառվում են նաև վարժեցված շներ:
Պետական պահպանության գործառույթներից է՝ ՀՀ բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների հուսալի պահպանությունը, կարևորագույն օբյեկտների պաշտպանությունը ռազմական դրության ժամանակ:
Այս տարվա ընթացքում Պետական պահպանության պահպանած օբյեկտներում կատարվել է հանցագործության 18 դեպք՝ 2-ը՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, 11 -ը՝ անձնական գույք գողություն, 3-ը՝ գողության փորձ, 1-ական՝ գույքի դիտավորյալ ոչնչացում, փախուստ հոգեբուժարանից:
Վարչության կազմում գործում է անձի անվտանգության և գույքի պահպանության բաժին, որն իր գործառույթներին իրականացնում է կայուն պահակակետերի պահպանություն, այնպես էլ մատուցում է թիկնապահական ծառայություն: Երկկողմանի հիմքներով կնքված պայմանագրերով բաժինն իրականացնում է 77 (9-ով ավել է 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ) օբյեկտների պահպանություն, որոնց 67 –ը մատուցում է թիկնապահական ծառայություն:
Բոլոր ծառայություններն ամրագրված են կառավարության համապատասխան որոշումներով, կան հատուկ սահմանված սակագներ:
Պատվիրատուի ցանկությամբ՝ ծառայությունը կարող է մատուցվել ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապեհության սահմաններից դուրս:
Վ. Մինասյանն ասաց, որ պահպանության կազմակերպումն առավել դյուրին ու բարձրակարգ դարձնելու նկատառումով՝ աշխատանքներ են տարվում նոր մեթոդների կիրառման, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման ուղղությամբ: 2015 թվականին ստեղծվելու է համընդհանուր մոնիթորինգային կենտրոն, որը հնարավորություն կտա իրականացնել առավել որակյալ ծառայություն, ապահովել ավելի շատ քաղաքացիների անվտանգություն: Կիրառվելու են տագնապային կոճակներ, որոնք տրամադրվելու են ծառայություններից օգտվող քաղաքացիներին. վտանգի դեպքում ստորաբաժանման բռնող խումբը սեղմ ժամկետում կմոտենա պահպանվող օբյեկտին: Տագնապային կոճակներ կտեղադրվեն նաեւ ավտոմեքենաների վրա, բնակարաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին