Նոր օրենքի հեղինակները տաքսու վարորդներն են. Գագիկ Բեգլարյան
«Մեր նախարարությունը ձեռնարկել է տաքսի ծառայությունների ոլորտի բարեփոխումներ: Դուք բոլորդ գիտեք, որ երկու տարի շարունակ այս հարցը քննարկվում է մեր նախարարությունում: Մենք լսել ենք ձեր բոլոր այն խնդիրները, որոնք առկա են եղել, որոնք անհանգստացրել են մեր տաքսու վարորդներին, մեր այն կազմակերպություններին հասարակական, որոնք կոնկրետ զբաղվել են տաքսու վարորդների առօրյայով և հոգսերով, լսել ենք շատ քննադատություններ, եղել են շատ դիսկուսիաներ, նախարարությունում նաև, ինչու չէ, տարբեր հարթակներում հնչել են տարբեր քննադատություններ: Մենք փորձել ենք երկու տարի շարունակ այդ քննադատությունները, այդ խնդիրները, այդ հոգսերը, բոլորը հաշվի առնել, և այսօր ունենք մի օրենք, որ նախարարությունը համարում է, որ այդ օրենքը այս պահից սկսած աշխատելու է հօգուտ բոլոր այն վարորդների, որոնք այս երկու տարում ունեցել են տարբեր տեսակի խնդիրներ»,- տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Միաժամանակ նախարարը նշեց, որ ինքը և նախարարության աշխատակիցները պատրաստ են լսելու և պատասխանելու կառավարության նոր որոշման հետ կապված վարորդներին հուզող բոլոր հարցերին: Բեգլարյանը նաև հավելեց. «Այն հարցերը, որոնց մենք չենք կարողանա պատասխանել, կնշանակի, որ այն օրենքը, որը մենք ունենք, դեռ աշխատելու տեղ ունի»:
Այնուամենայնիվ, Բեգլարյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրենքը շատ լավն է, և բխում է վարորդների շահերից:
«Սա, կարելի է ասել միակ օրենքներից է, որը ծնվել է ձեզանից, ձեր բարձրացրած խնդիրներից, և ձեր հնչեցրած հոգսերից»,- ընդգծեց նախարարը:
«Սա միակ օրենքն է, որ ձեր բարձրացրած խնդիրներն են՝ Ազգային Ժողովից հաստատված: Ձևակերպումներն ենք տվել մենք, և իրավաբանական մոտեցումներն աշխատել ենք իրավաբանների հետ: Այսինքն, օրենքի հեղինակներն այսօր այստեղ հավաքավածներն են»,- պարզաբանեց նախարարը: