Հասարակաց տանը երեկույթ կազմակերպած ոստիկանների գործը հասել է դատարան
Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանում այսօր կայացել է երկու իրավապահների նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստի: Ոստիկանության աշխատակիցներ Սերգեյ Յուրկինին և Եգոր Կոբկովին մեղադրանք է առաջադրվել մայրաքաղաքում գործող հասարակաց տունը գրոհով վերցնելու և հաճախորդների նկատմամբ բռնություն կիրառելու համար: Քրեական գործով ոստիկաններին սպառնում է մինչև տաս տարվա ազատազրկում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Քրեական գործի հարուցման համար հիմք էր հանդիսացել հասարակաց տանը տեղադրված տեսախցիկներից առգրավված տեսագրությունները, որոնցում հստակ երևում է, թե ինչպես ոստիկանական օպերատիվ խմբի անդամները ծեծի են ենթարկում հասարակաց տան երկու հաճախորդների, այնուհետև «երեկույթ կազմակերպում» հենց դեպքի վայրում, նշելով գործողության հաջող ավարտը:
Տեսագրությունների հրապարակումը լրատվամիջոցների կողմից հասարակական մեծ արձագանք էր առաջացրել: Մոսկովյան ՆԳՆ գերատեսչության կողմից գործով կազմակերպվել էր ծառայողական քննություն:
Միջադեպին հաջորդել էին մի շարք պատասխանատու անձանց նկատմամբ նկատողություն և աշխատանքից հեռացումներ, իսկ օպերատիվ գործողությանը անմիջականորեն մասնակցած երկու ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Հատկանշական է, որ հասարակաց տան գործունեության կազմակերպման համար մեղադրվող 22-ամյա Եկատերինա Մաքսիմովայի նկատմամբ դատական վճիռն արդեն կայացվել է: Վերջինս տուգանվել է 50 հազար ռուբլիով և ոստիկանների գործով արդեն ինքն է հանդես գալիս որպես տուժող կողմ:
Կայքն հիշեցնում է, որ Ռուսաստանում իրավապահ մարմինների բիրտ գործողություններն հաճախ են հասարակական քննարկման առիթ հանդիսանում: Որպես օրինակ, հիշատակվում է օպերատիվ խմբի կողմից ազգությամբ ադրբեջանցի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Օրհան Զեյնալովի ձերբակալության կադրերը, որտեղ հստակ երևում էին, թե ինչպես իրավապահները ոտքերով հարվածում էին գետնին ընկած Զեյնալովին մինչդեռ նա արդեն ձեռնաշղթաներով էր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին