Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտ
Այսօր ժամը 11:30-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 182 դպրոցից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված՝ Ս.Մարտիրոսյանը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ նույն օրը Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ս. Մարտիրոսյանը ճանաչվել է տուժող:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ, թիվ 182-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ։
Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։