Հարկադիր կատարողը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Աշոտ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ քաղաքացիական գործով արգելանք է դրվել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի, ավտոտեխսպասարկման և անվադողերի սպասարկման կետերի վրա: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը որոշում է կայացրել արգելանքի տակ գտնվող գույքն էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, և կատարողական վարույթի ընթացքում հօգուտ քաղաքացիական գործով հայցվոր Վահագն Կ.-ի գործելու նկատառումներից ելնելով` հարկադիր կատարողը չի կատարել իր պարտականությունները, այն է՝ օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային աճուրդ անցկացնելու որոշման մասին չի ծանուցել իրեն, որի հետևանքով զրկվել է աճուրդին մասնակցելու հնարավորությունից և նշված գույքն իրական արժեքից ակնհայտ ցածր գնով էլեկտրոնային աճուրդով վաճառվելու արդյունքում կրել է նյութական վնաս (140 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը վաճառվել է 5 մլն. դրամով):
Քաղաքացի Աշոտ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)) հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ