ԼՂՀ-ում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ. ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 21,5%-ով կամ 96 դեպքով (2013թ.՝ 446, 2014թ.՝ 350)։ ԼՂՀ ոստիկանության լրատվության բաժնի տեղեկացմամբ, այս մասին զեկուցվել է նախօրեին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում: Նիստը վարել է ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում նվազել է նաև հանցավորության գործակիցը։ Հաշվետու տարում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Հանրապետությունում կազմել է 23,9 (2013թ ՝ 30,8)։
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են քրեական հետախուզության գծով գրանցված մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, սեփականության ու պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենը նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված ինչպես նաև միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռները։
Հաշվետու տարում քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թվաքանակը աճել է 3-ով (14-ից 17), իսկ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը նվազել 6-ով (16-ից 10)։
Ոստիկանության Շահումյանի շրջբաժնի վարույթում գտնվող սպանության 1 դեպքը բացահայտված է, Ստեփանակերտի քաղվարչության և Մարտունու շրջբաժնի վարույթում գտնվող 1-ական սպանության փորձերը ևս բացահայտված են, քննության փուլում է գտնվում Ստեփանակերտի քաղվարչության վարույթում գտնվող 1 սպանության փորձը։
Ճանապարհային երթևեկության ինտենսիվության շարունակական աճի պայմաններում Հանրապետության տարածքում 1-ով (61-ից 62) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, 2-ով (12-ից 14)` զոհերի քանակը, իսկ վիրավորների քանակը նվազել 10-ով (77-ից 67)։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ