«Հանձնաժողովն ի վիճակի չէ Կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին բավարարող թեկնածու ընտրել»
«Իմ դիտարկմամբ, այս մրցույթի հիմնական խնդիրը համակարգային բնույթ ունի. այս հանձնաժողովն ի վիճակի չէ Կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին բավարարող թեկնածու ընտրել հենց միայն այն պատճառով, որ գնահատման համակարգը թույլ չի տալիս դա անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից փաստաբան Վահե Գրիգորյանը՝ նկատի ունենալով կոնկրետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը:
Ըստ նրա, բարոյական հատկությունների մասով գնահատման կարգը չունի չափորոշիչներ, որը կարևոր է: Փաստաբանի դիտարկմամբ, սա ոչ թե հանձնաժողովի, այլ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող հրամանագրի խնդիրն է:
Վահե Գրիգորյանը նշեց, որ որևէ խտրական վերաբերմունք չի նկատել հանձնաժողովի անդամների կողմից:
«Որպես խնդիր լրատվամիջոցներից տեղեկացա, որ այս մրցույթում թափանցիկության էական սահմանափակում է տեղի ունեցել` ի տարբերություն նախորդ մրցույթի: Իմ կարծիքով, սա պետք է անընդունելի համարվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, բայց չեմ կարող պատկերացնել նման քայլ անելու որևէ հիմնավորում, անհրաժեշտություն, հանրությունը պետք է տեսնի, ովքեր են մասնակցում մրցույթին, իր խոշորացույցով նաև նրանց ստուգի: Այստեղ շատ կարևոր է միշտ ուշադրության կենտրոնում ունենալ այն փաստը, որ ցանակացած այսպիսի մրցույթի լեգիտությունը, թափանցիկությունը, հրապարակայնությունը, արդարությունն ուղղակիորեն ազդում է Եվրոպական դատարանի լեգիտիմության և հեղինակության վրա: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա ու կհրապարակի այդ փաստաթղթերը»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ փետրվարի 16-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն, որը պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթային հանձնաժողովի գործունեության կազմակերպման համար՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալու համար, սակայն, ըստ ՀԿ-ի տարածած հայտարարության, նախարարության աշխատակիցները հրաժարվել են դիտորդներին` մրցութային փաստաթղթերը դիտարկելու հնարավորություն ընձեռելուց:
Վ. Գրիգորյանը նաև ասաց, որ Հայաստանն ամբողջ արդյունավետությամբ չի իրացնում մարդու իրավունքների պաշտպանությունը ՄԻԵԴ-ում: Նա հույս ունի, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնելու դեպքում կարող է բարձրացնել այդ արդյունավետությունը. «Դա այն շարժառիթներից մեկն է, որ ես մասնակցում եմ այս մրցույթին»:
Նրա գնահատմամբ, ՄԻԵԴ-ում կայացված վճիռներն արդունավետորեն չեն իրականացվում ՀՀ-ում, մասնավորապես նոր հանգամանքով դատական ակտերի կամ վարույթների վերաբացման ինստիտուտն ամբողջ արդյունավետությամբ չի գործում:
«Այս մասին իր քննադատական խոսքը նաև Սահմանադրական դատարանն է ասել, որը բավականին մանրամասն քննադատության է ենթարկել դատարանների այս գործելաոճը»,- նշեց Վ. Գրիգորյանը:
Ըստ նրա, ոչ միայն կոնվեցիոն մեխանիզմի ամբողջ ռեսուրսը չի օգտագործվում, այլ նաև ՄԻԵԴ-ի և Հայաստանի դատական մարմինների միջև շփումները բացակայում են, ինտենսիվ չեն:
«Հույս ունեմ, անկախ նրանից, ով կլինի Հայաստանից ընտրված դատավորը, հատուկ ուշադրություն կդարձնի այս խնդրի վրա, հանդիպումները, շփումները ինտենսիվ կլինեն»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանում մինչ այժմ դրսևորված ամենահակաժողովրդավարական դեպքը՝ ըստ փաստաբան Վահե Գրիգորյանի
Արմեն Հարությունյան. Հայաստանի իշխանությունների հետ արդեն հինգ տարի է կապ չունեմ
ՀՀ-ում տեղի ունեցած ամենահակաժողովրդավարական դեպքն՝ ըստ նախկին օմբուդսմանի
ՄԻԵԴ. Հարցազրույցի փուլն ուշացումով մեկնարկեց Վահե Գրիգորյանի դիմումի պատճառով
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում հայ դատավորի մրցույթի հարցազրույցի փուլը
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց