Ավտոարշավի ժամանակ վրաերթի մեղադրանքով ԱՄՆ-ում 21-ամյա հայ է ձերբակալվել (տեսանյութ)
Լոս Անջելեսում, Չաթսվորթ կոչվող տեղամասում տեղի ունեցած ողբերգական վրաերթի հեղինակ հայազգի 21-ամյա Հենրի Մայքլ Գևորգյանը շաբաթ` փետրվարի 28-ին ձերբակալվել է, տեղեկացնում է Los Angeles times-ը` վկայակոչելով ոստիկան Էնդրյու Սմիթին:
Նա Լոս Անջելեսի ոստիկանության կողմից որոնվում էր «Ֆորդ մուստանգ» մակնիշի մեքենայով ավտոարշավի ժամանակ երկու անձանց մահվան և մեկին վիրավորելու համար:
Ըստ աղբյուրի, ավտոարշավի ժամանակ մեքենան կորցրել է վերահսկողությունը, դուրս եկել մայթ և ներխուժել մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով երկուսը մահացել են, մեկը ստացել է վնասվածքներ: Մեքենան հարվածել է պատնեշին և վնասվել: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 26-ին:
Վրաերթի հետևանքով մահացածներից մեկը 26-ամյա Էրիկ Սիգերան (Eric Siguera) է և 20-ամյա մի երիտասարդ, իսկ 21-ամյա Լուիս Անտոնիո Գոնսալեզը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեքենայի վարորդ Հենրի Գևորգյանը կարողացել է փախչել, սակայն իրավապահները նրան հայտնաբերել են և ձերբակալել:
Ըստ News.am-ի աղբյուրների, Հենրի Գևորգյանը հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին է: Երգչուհին, հիշեցնենք մահացել էր 2012 թվականին: Վերջերս մահացել էր նաև նրա ամուսինը՝ Հրահատ Գևորգյանը: