Հարուցվել է քրգործ՝ Պռոշյան գյուղի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015 թվականի մարտի 3-ին` ժամը 14:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Կոտայքի Պռոշյան գյուղից բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Ա.Թադևոսյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատվ-քննչական խումբը: Դեպքի վայրում` Պռոշյան գյուղի Անդրանիկ և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Կարոտ Մկրտչյանի անվան պուրակի ձախ հատվածում, կատարված զննությամբ հայտնաբերվել է արնանման հետք, 5 հատ պարկուճ և մեկ գնդակ:
Նկատի ունենալով, որ դեպքի հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր` Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (Սպանության փորձ՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասերով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելու, առաջ քաշված վարկածներն ստուգելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Ոստիկանությունը խստացված հսկողություն է իրականացնում Երևան-Սևան մայրուղում
Կրակոցներ Պռոշյան գյուղում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց