Հովհաննես Մանուկյան. Եթե դրական արդյունք չունենանք, նշանակում է՝ մենք լավ չենք աշխատել
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կրում է խորհրդատվական բնույթ, չունի գործադիր ֆունկցիաներ և նորմատիվ որոշումներ կայացնելու իրավունք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Այն ընդամենը մարմին է, որը պետք է ձևավորի քաղաքականություն, համապատասխան իրավասու մարմիններին ներկայացնի առաջարկություններ, օրենքների փոփոխության անհրաժեշտության դեպքում դիմի Ազգայի ժողով»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է այն մկտահոգություններին, թե այդ դեպքում խորհուրդը շոշափելի արդյունք չի տա, Հ. Մանուկյանն ասաց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ տեմպ կան այդ աշխատանքներին, մոտակա և հեռահար ինչ խնդիրներ կդնեն:
«Դրանից կախված կլինի, թե ինչ արդյունք կունենա»,- նշեց նախարարը:
Հ. Մանուկյանն ասաց, որ չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի մեկ, երկու, երեք տարի հետ, ապա հավելեց. «Եթե դրական արդյունք չունենանք, նշանակում է՝ մենք լավ չենք աշխատել և հանրության առաջ պատասխանատվություն ունենք»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը պետք է ղեկավարի ՀՀ վարչապետը:
Կառավարության հիմնավորման մեջ նշված է. «Վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդրի լուծման համար, թերևս, կարևորագույն երաշխիքներից է հանդիսանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը, ինչը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տրամաբանությունից: Այդ համակարգը, ըստ էության, պետք է միտված լինի հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների միջև կայուն կառուցակարգված համագործակցության ապահովմանը»: