«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք պետք է հնարավորություն ունենան դիմելու դատարան»
Իրավախորհրդատվության համար դիմողների մեծ մասը բողոքում են, որ դատարանը որոշում է կայացնում այն դեպքում, երբ նրանք անգամ հնարավորություն չեն ունեցել ներկա գնտվելու դատական նիստին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Հանդիպմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի կարծիքով էլ, պետք է վերանայվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և լրիվ անգործունակության հետ կապված հարցերը. «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք պետք է հնարավորություն ունենան դիմել դատարան»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն էլ նշեց, որ ուսումնասիրություններ են կատարվել առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների բոլոր հաստատություններում, կարիքների գնահատում է իրականացվել և տարանաջատվել են երեք խմբեր, որոնց պետք է համապատասխան ծառայություններ մատուցվեն. «Օրինակ Վարդենիսում գտնվող հաստատությունում 450 հոգուց գնահատվել է, որ 26 հոգի կարող է ապրել ընտանիքում, և այս տարվա հուլիսին ստեղծելու ենք 8 հոգանոց խնամքի տուն, որտեղ նրանք կապրեն միասին»:
Ա. Գևորգյանի խոսքերով, մինչ այժմ Հայաստանում չկային այդ այլընտրանքային ծառայությունները, հիմա փորձում են կամաց-կամաց ամեն տարի մի բան բացելով՝ ունենալ այդ ծառայությունները:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետն էլ տեղեկացրեց, որ իրենց պրակտիկայում չի եղել, որ խնամակալ ճանաչվելու համար դիմեն միայն խնամակալի գույքը օտարելու մտադրությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալն էլ նշեց, որ Վարդենիսի տուն ինտերնատում նման դեպք եղել է, երբ հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչը տեղեկացել է, որ խնամակալը իր բնակարանը ցանկանում է վաճառել, սակայն տուն-ինտերնատի միջամտությամբ թույլ չեն տվել, որ այդ գործարքը տեղի ունենա: