Քննարկում. «Այն, որ Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, միանշանակ է»
«Հայաստանի գործող Սահամանադրությունը տանում է փակուղի: Եթե հաշվի առնենք, որ Սահմանադրությամբ նախագահն է նշանակում դատավորիներին, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը նրան են ենթարկվում, խոսել իշխանության տարանջատման, իրավական պետության մասին, անիմաստ է»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Վերջին զարգացումները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա նշեց, որ եվրոպական երկրներում իշխանության տարանջատումը հենված է հիմնականում պառլամենտական համակարգի վրա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումները միտված են ժողովրդավարության այնպիսի սկզբունքների հաստատմանը, որոնք ընդունված են քաղաքակիրթ աշխարհի կողմից:
«Չեմ կարող որևէ բարեփոխման մեջ տեսնել ենթատեքստ, առավել ևս սահմանադրական այս բարեփոխումների»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական դաշտում որոշակի առաջընթաց ապահովելու ու կուսակցական համակարգի զարգացման համար պետք է անցնել խորհրդարանական համակարգի:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք հստակ հայտարարել են իրենց դիրքորոշումը՝ դեմ են նախագահական, կիսանախագահական ցանկացած համակարգի, և եթե քննարկումների արդյունքում որոշվի ոչ թե փոխել կառավարման համակարգը, այլ բարեփոխել, կատարելագործել ներկայիս համակարգը, իրենք դեմ կլինեն բարեփոխումներին: Ըստ նրա, խորհրդարական կառավարման համակարգը կարող է ապահովել երկրում առկա խնդիրների լուծում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իրենք երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ սահմանադրական բարեփոխումների հայցեկարգը չեն քննարկել, այլ ներկայացրել ենք իրենց առաջարկությունները, որոնք ընդունելու դեպքում նոր կմասնակցեն բովանդակային քննարկումների:
«Այն, որ Հայաստանին պետք են սահմանադրական արմատական փոփոխություններ, միանշանակ է, բայց իմիտացիոն գործընթացներին մենք դեմք են: Որպեսզի երաշխիք ունենք, որ արդյունավետ, բովանդակային, երկրի զարգացմանը միտված սահմանադրական փոփոխություններ են ցանկանում անել, մենք արեցինք մեր առաջարկությունները»,- ասաց նա:
Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանն էլ ասաց, որ ցանկացած Սահմանադրություն փոփոխությունների կարիք ունի, բայց պետք է դիմել այդ քայլին, եթե կա հասարակական լայն աջակցություն և դրա ռեալ անհրաժեշտության առկայություն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները