Իրավապահները Փաշինյանին վստահեցրել են, որ Գյումրիի դանակահարությանը իրավական գնահատական կտրվի
Մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Այդ մասին պատգամավորը տեղեկացրել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Իմ և ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության և անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և կարևորեցի տեղի ունեցածի ամբողջական և համոզիչ բացահայտումը, այդ թվում և իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը: Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրեցին, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի: Հուսադրող չէ, սակայն, որ մինչև այս պահը միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեև բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է»,-հավելել է պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝
««Հիմնադիր խորհրդարանի» դանակահարված անդամին այս պահին վիրահատում են»